Երկրային կշեռքի երկու նժար և օտար ու պիղծ նպատակների ծառայող բռնաբարված արդարադատություն։
Նժարներից մեկին հայի ինքնության վերջին ամրոցն է՝ հազարամյակների աղոթքն ու արյունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Մյուսին՝ «ծայրահեղական իսլամի դրսևորումներ» թրքահոտ որակումը, որ հնչել է որպես հոգեբանական թույն ապազգային շերտերի «խցանված» ունկերի համար։
Եռում է սթափ ուղեղը․ այդպես չի՛ լինում ու չի՛ կարող լինել։ 1725-ամյա քրիստոնեական էությունը չի՛ կարող համեմատվել մի «երևույթի» հետ, որի դեմ պայքարել-կռվել է դարերով՝ հանուն տեսակի պահպանման։
Չի՛ կարող, ճիշտ է, սակայն «իրական» Հայաստանում քրիստոսամերժ այն պահն է, երբ, առանց ռեինկարնացիայի հնարավորության, մեռել է տրամաբանությունն ու ծնել ագրեսիվ սուտը։
Ազգակործան «քնեցնող կեղծիք», որ փաստում է՝ «նոր» Հայաստանում, արդեն ութ տարի, բառերը, ինչպես և հասկացությունները կորցրել են իրենց նախնական իմաստն ու նշանակությունը։
Օրուելյան նորալեզվի «դասական» դրսևորում, երբ ստորացումը մատուցվում է որպես «խաղաղություն», իսկ ազգային ինքնության պաշտպանությունը՝ որպես «ծայրահեղականություն»։
Հայի գոյության արմատին հարվածող բանաձևում, որ ակամա հիշեցնում է հի՜ն-հի՜ն մի իմաստնություն։
Մահը հարցնում է կյանքին.
- Ինչո՞ւ են բոլորը քեզ սիրում, իսկ ինձ՝ ատում։
Կյանքը պատասխանում է.
- Որովհետև ես գեղեցիկ փաթեթավորված սուտ եմ, իսկ դու՝ դաժան ճշմարտություն։
Առակս զի՞նչ ցուցանե։
Ընդամենը այն, որ այսօրվա «իրական» կոչված Հայաստանի իրական պատկերը, ուր կյանքն ու մահը փոխվել են տեղերով, «գեղեցիկ սուտն» է՝ իրական մահը, իսկ «դաժան ճշմարտությունը»՝ միակ կենդանի կյանքը։
Բայց ինչու՞ հենց ագրեսիվ այդ սուտը ու հենց հիմա՝ առանց որևէ հիմնավորման։
Որովհետև ստի վերջին փուլի պահանջն է՝ լինել այնքան աբսուրդային, որ մարդկային միտքը հրաժարվի դիմադրելուց։
Երբ սուտը զուրկ է նույնիսկ «ըստ օդից կախված լուրերի» հիմքից, այն դառնում է դոգմա, որը պարտադրվում է ուժով։
Սա նաև վկայությունն է այն ծածկագրված իրողության, որ հերթական չարախոսություն-ամբաստանանքը ոչ թե քննարկման հրավեր է, այլ ուղղահայաց իջեցված հրաման՝ վարկաբեկել այն ամենը, որ հայկական է ու դիմադրող։
Ի՞նչ է թաքնված դրա բազմաշերտ կեղտոտ ծալքերում։
Եկեղեցին Հայաստանում միակ ինստիտուտն է, որն ունի հազարամյակների հիշողություն, և որը երբե՛ք չի ենթարկվել օրվա քաղաքական իրավիճակին։
Հետևապես, համեմատելով այն «ծայրահեղական իսլամի» հետ՝ փորձ է արվում մեր հավատքի առաքելահիմն տունը ներկայացնել որպես «ծայրահեղական» «վտանգավոր» կառույց՝ լեգիտիմացնելու համար ՀԱԵ-ի դեմ սանձազերծված ցանկացած ոտնձգություն։
Այն է՝ քայքայել մեր ազգային ինքնության հիմքերը։
Սրանց բնույթն է՝ «արտապատվիրակել» ձեռքն ընկածը։ Անպատասխանատու այս հայտարարությամբ ևս, շրջանառության մեջ դնելով մեր ինքնության ուղիղ արմատին հարվածող աբսուրդը, մեծ ուրացողն իր պատասխանատվությունն արտապատվիրակում է Եկեղեցուն։
Իշխանական տեխնոլոգիա, որ փորձում է հայի ազգային ինքնությանը սպառնացող իրական վտանգը՝ արտաքին թշնամուն, փոխարինել հնարովի՝ ներքին վտանգով։
«Իսլամիստ ծայրահեղական» պիտակը նաև հնարավորություն է ընձեռում հայրենասիրական ցանկացած շարժում որակել որպես «հակապետական» կամ «ահաբեկչական»։
Թիրախավորել ազգային դիմադրողականությունը, հընթացս էլ արդարացնել՝ արձակելով իշխանական ուժային մեքենայի ձեռքերը՝ օրեցօր առավել այլանդակ դրսևորումներ որդեգրող բռնաճնշումների համար։
Երբ «արտապատվիրակումը» դիտարկում ենք մեջբերված «հի՜ն-հի՜ն իմաստնության» համատեքստում, այս էլ որերորդ անգամ, բացահայտվում է դաժան ճշմարտությունը՝ հայկական պետականությունը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ՝ վիրտուալ ինչ-որ «խաղաղության» դիմաց անվերջ զիջվում են մեր երկրի տարածքներն ու փոփոխվում սահմանները։
ՈՒ որպեսզի ժողովուրդը չկենտրոնանա իրական կորուստների վրա, մատուցվում է գեղեցիկ փաթեթավորված ագրեսիվ սուտը, ավելի ստույգ, աղմկահարույց մանիպուլյացիան, թե միակ ու մահացու վտանգը ոչ թե թշնամին է, այլ Եկեղեցին ու հոգևոր դասը։
Շրջանառության մեջ դնելով «իսլամական ծայրահեղականություն» եզրույթը, նաև փորձ է արվում չեզոքացնել սփյուռքի ներուժը՝ հեռացնել այն հայաստանյան օրակարգից։
Զուգահեռ հավաքական Արևմուտքի (եթե այդպիսին դեռևս գոյություն ունի) աչքում Հայ Եկեղեցին ներկայացնել որպես ծայրահեղ արմատական կառույց, որպեսզի դրսում չաջակցեն ազգի հոգևոր հայրերի նախաձեռնած շարժումներին։
Նաև, որպեսզի միջազգային հանրությունը «համր ու խուլ» մնա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի հնչեցրած ձայնի նկատմամբ։
Սուտը, որ աշխատանքային սովորական գործիք է հայաստանյան de jure-ի ձեռքում, ամենահարմարավետն է, քանի որ փառակալում է ամբոխի աչքերն ու թույլ չի տալիս առերեսվելու մահվան՝ հայկական տարբերակում՝ պետականության կորստի սառը դեմքին։
«Ծայրահեղական իսլամ» անմաքուր եզրույթը նաև ձգտում է ախտահարել հանրության հավաքական միտքն ու ենթագիտակցական վախ արթնացնել։
Պաթոլոգիկ ստախոսի միտումը հստակ է՝ ստիպել հայ ժողովրդին սիրել կեղծիքը, որովհետև այն խոստանում է «խաղաղություն» կամ «առաջադիմություն»՝ իրականում քանդելով ազգային ինքնության հիմքերը։
Ասել է՝ տվյալ սուտը կոչված է կատարելու «Մահվան» դերը ազգային գիտակցության համար։ Այն փորձում է սպանել հավատը սեփական ուժերի, սեփական անցյալի ու պատմության հանդեպ։
Իսկ երբ սուտը դառնում է այնքան աբսուրդային, որ կլանում է տեղեկատվական ողջ դաշտը, շատերը նախընտրում են հավատալ դրան, քան առերեսվել այն սարսափելի իրականության հետ, որը մատնանշում է Եկեղեցին։
«Դաժան ճշմարտությունն» ատելի է դատավորի դեր ստանձնածի համար, որովհետև մերկացնում է նրա անկարողությունն ու դավաճանական քայլերը։
Նաև բացահայտում՝ ինքնիշխանության կորուստը տեղի է ունեցել ոչ թե միֆական «ծայրահեղականության», այլ վարչապետ կոչվածի հետևողական զիջումների և սխալ կառավարման պատճառով։
Բայց ինչու՞ հենց ագրեսիվ այդ սուտը։
Ի՞նչ է թաքնված դրա բազմաշերտ կեղտոտ ծալքերում։
Ընդամենը այն, որ կոչված է կատարելու «Մահվան» դերը ազգային գիտակցության համար։ Այն փորձում է սպանել հավատը սեփական ուժերի, սեփական անցյալի ու պատմության հանդեպ։
Վերջին ութ տարիներին հայ հանրությանը մատուցվեցին տարբեր ստերի մահացու չափաբաժիններ։
Մեզ վաճառեցին մի պատրանք, թե՝
կարելի է ունենալ «խաղաղություն»՝ սեփական արժանապատվության հաշվին,
կարելի է ապահովել «ապագա»՝ կացնահարելով անցյալի արմատները,
կարելի է լինել «ազատ»՝ քանդելով պետության հիմնասյուները՝ Եկեղեցին ու ազգային ինքնությունը։
Մարդիկ սիրեցին սուտը, որովհետև այն հարմարավետ էր։
Թույլ էր տալիս փախչել պատասխանատվությունից, փախչել դաժան ճշմարտությունից՝ հայ տեսակը կանգնած է գոյաբանական ջնջման եզրին։
«Գեղեցիկ» այս սուտը դարձավ այն թունավոր թմբիրը, որի մեջ օրորվելով՝ հանրությունը վերածվեց կամազուրկ մի զանգվածի՝ պատրաստ ընդունելու ցանկացած ստորացում՝ որպես խաղաղություն։ Սակայն սուտը, որքան էլ փայլուն լինի իր փաթեթավորման մեջ, ունի մեկ հատկություն՝ այն երբեք չի փրկում հարվածից, այլ միայն անզգայացնում է զոհին՝ նախքան վերջնական կործանումը։
Այն թույլ է տալիս չտեսնել թշնամու սրված կացինը, չմտածել պատասխանատվության մասին և շարունակել առօրյա կյանքը «քաղաքական կամազրկության թմբիրի մեջ։
Սա այն «կյանքն» է, որը սիրում են, բայց որը տանում է դեպի կործանում։
Ճշմարտությունը, որն այսօր հնչում է Եկեղեցու կամբարից՝ դարավոր սրբազան կամարների ներքո պահպանված լուսեղեն աշտանակից, կամ ազգային գործիչների շուրթերից, դաժան է, բայց բուժիչ։
Այն ստիպում է առերեսվել հայ տեսակի առջև ծառացած արհավիրքին։
Այն ասում է, որ ջնջվում է մեր «բնագիրը», որ մենք կանգնած ենք պետականության վերջնական կորստի եզրին, և որ փրկության ճանապարհն անցնում է զրկանքների ու պայքարի միջով։
Շատերն ատում են այս ճշմարտությունը, ինչպես ատում են մահը։ Նրանք փախչում են դրանից, որովհետև ճշմարտությունը պահանջում է արթնացում, պահանջում է դուրս գալ «նախիրի» կարգավիճակից և դառնալ գիտակից քաղաքացի ու զինվոր։ Իշխանությունն օգտագործում է այս վախը՝ ճշմարտությունն անվանելով «պատերազմի հրահրում» կամ «հետադիմություն»։
Բայց պատմության դաժան հեգնանքն այն է, որ այսօրվա Հայաստանում գեղեցիկ սուտն է իրական Մահը, իսկ դաժան ճշմարտությունը՝ միակ կենդանի Կյանքը։
Ժամանակն է դեմ հանդիման առերեսվելու մահվանը: Ժամանակն է հասկանալու, որ սուտը, որքան էլ գեղեցիկ լինի, մեզ չի փրկելու սպանդանոցից։
Միայն դաժան ճշմարտությունն ընդունելով և դրա շուրջ միավորվելով կարող ենք վերականգնել գոյության մեր իրավունքը։
Բախտորոշ այն պահն է, երբ բախվում են երկու անհամաչափ աշխարհներ։
Կշեռքի նժարներից մեկին՝ ութամյա մի «կեղծիք» է, որն անապատի սամումից մթնոլորտն աղտոտած ավազահատիկների նման աղմկում է, փոշեխեղդ անում տեսանելի դաշտը, փորձում կուրացնել բոլորին։
Մյուս նժարին՝ 1725-ամյա Բնագիրն է՝ որպես անսասան մի ժայռ, որի վրա փորագրված է մեր գենետիկ հիշողությունը։
Որքա՜ն պետք է խաթարված լինի տեսողությունը, որպեսզի օրվա քաղաքական փոշին շփոթվի դարավոր հիմնաքարի հետ։
Այսօր այդ փոշին փորձում է կրծել ժայռը՝ չհասկանալով, որ ինքն ընդամենը անցողիկ էպիզոդ է, իսկ Բնագիրը՝ հարատևության կնիք։
Սա պարզապես քաղաքական պայքար չէ, սա ժամանակավոր ստի հարձակումն է հավերժական ճշմարտության վրա՝ հուսահատ մի ճիգ, որտեղ սուտը փորձում է ավելի մեծ ու հին երևալ, քան իրականությունն է։
Իսկ հանրությու՞նը։
Բախվել է գրեթե շեքսպիրյան դիլեմայի․ ո՞րն ընտրել՝ հարմարավետ ստի կեղտոտ փոշի՞ն, որը սպանում է քո տեսակը, թե՞ դաժան ճշմարտությունը, որը վերածնում է քո ազգը։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ